Կերամիկական սալիկները ժամանակակից խոհանոցի կամ բաղնիքի բաղկացուցիչ մասն են, քանի որ դրանք ունեն բավականին գրավիչ տեսք, իսկ մաքրման մեթոդներն այնքան էլ բարդ չեն:
Կերամիկական սալիկների մաքրման հիմնական միջոցներն ու նյութերը
Կերամիկական սալիկների մաքրման միջոցներն ու մեթոդները պետք է ընտրվեն՝ ելնելով սալիկի մակերեսից ու կեղտի մաքրման բարդությունից։ Ներկայումս խանութների ցուցադարակներում կարելի է գտնել բազմատեսակ նյութեր, որոնք հաջողությամբ կիրառվում են կերամիկական սալիկների մաքրման գործընթացում։ Դրանք հեշտությամբ հեռացնում են ճարպային բծերը, կեղտը և բորբոսը: Նախքան գնելը, ուշադրություն դարձրեք, թե որ տեսակի սալիկների համար են դրանք նախատեսված: Նախապատվությունը տվեք կրեմային կամ գելային խառնուրդներին, որոնք, իրենց մեջ հղկող նյութերի բացակայության պատճառով, քերծվածքներ չեն թողնում սալիկի վրա:
Կերամիկական սալիկների մաքրման միջոցները բաժանվում են նաև հետևյալ սկզբունքով․
• Հղկող գործառույթ ունեցող նյութերով հնարավոր է «հաղթել» խորը շերտով կեղտն ու «խելքի բերել» ուժեղ աղտոտված մակերեսները։
• Քիմիական հիմքով արտադրանքը քայքայում է կեղտը, որից հետո նրբորեն հեռացնում այն՝ առանց քերծելու կերամիկական սալիկների մակերեսը։
• Թթվային նյութերը գերազանց արդյունք են ապահովում անօրգանական աղտոտվածության դեպքում։
• Ալկալային արտադրանքներն ունեն բազմակողմանի գործառույթ, քանի որ դրանք իդեալական են ամեն տեսակի աղտոտումից ազատվելու համար։
Կերամիկական սալիկների մաքրման հիմնական մեթոդները
Կերամիկական սալիկներն առավել հաճախ օգտագործվում են խոհանոցի, միջանցքի և լոգարանի հատակների ծածկույթն ապահովելու համար: Որպեսզի սալիկները միշտ աչքին հաճելի գեղագիտական տեսք ունենան, անհրաժեշտ է պարբերաբար հոգ տանեք դրանց մասին:
Տանը, կերամիկական սալիկները մաքրելիս, կարող եք օգտագործել ձեռքի տակ եղած նյութերը, որոնց շարքում կարելի է առանձնացնել հետևյալ մաքրման միջոցները.
• Սպասք լվանալու հեղուկը, որը կօգնի հեռացնել սալիկներից թեթև կեղտը: Այն պետք է քսել սալիկին, թողնել 10 րոպե, ապա սրբել լաթով։
• Հեղուկ ամոնիակը (2-3 ճ.գ. /1 լ համամասնությամբ) կհաղթահարի թեթև աղտոտվածությունը և կերամիկական սալիկներին կտա նուրբ փայլ:
• Կերամիկական սալիկներից ճարպը, կրաքարը և նստվածքները հանելու ամենակիրառելի միջոց է նաև կիտրոնաթթուն:
• Սոդան և քացախը կօգնեն ազատվել ճարպային կուտակումներից և այլ նմանատիպ աղտոտումներից։ Սոդան պետք է լուծել ջրի մեջ և լաթի միջոցով քսել սալիկի մակերեսին:
• Քացախը և կիտրոնաթթուն իդեալական տարբերակ են կրաքարի շերտը հեռացնելու համար: Սալիկի անհարթ մասերում կուտակված նյութերն առավել նպատակահարմար է մաքրել ատամի խոզանակով:
Օգտակար խորհուրդներ կերամիկական սալիկների խնամքի համար
• Կերամիկական սալիկները չեն կորցնի իրենց նախնական տեսքը, եթե ամեն շաբաթ հայելու և ապակու համար նախատեսված մաքրող միջոցներով դրանք փայլեցնեք:
• Մի չարաշահեք թթվային հիմքով լվացող միջոցների օգտագործումը:
• Կերամիկական սալիկները մաքրելիս կարող եք օգտագործել ջրի մեջ լուծված կավիճ: Դա նրանց կտա փայլ և հիանալի թարմ տեսք:
• Կերամիկական սալիկները փայլեցնելու համար կարելի է օգտագործել նաև ալկոհոլով ներծծված կտոր:
• Սալիկները մաքրելուց առաջ փորձեք գոլորշու միջոցով խոնավացնել դրանք:
• Կերամիկական սալիկները պետք է լվանալ ներքևից վերև և սրբել հակառակ ուղղությամբ: Դա կօգնի արագ ու առանց ավելորդ ջանքերի լվացմանը։